ԱՄՆ-ում ավարտվել է քվեարկությունը գրեթե բոլոր նահանգներում. Դոնալդ Թրամփը իր համար երաշխավորել է 267 ձայն ընտրողների կոլեգիայում, Քամալա Հարիսը՝ 226։ Հաղթանակի համար պահանջվում է առնվազն 270 ձայն։ Թրամփը շահել է տատանվող յոթ նահանգներից երկուսում՝ Հյուսիսային Կարոլինայում և Ջորջիայում։ Նա Հարիսին գերազանցում է նաև այլ վիճելի նահանգներում, որտեղ վերջնականապես կորոշվի ընտրությունների ճակատագիրը։               
 

ՄԻԱՊԱՂԱՂ ՕՐԵՐ

ՄԻԱՊԱՂԱՂ ՕՐԵՐ
02.03.2010 | 00:00

Իվան ԻԼՅԻՆ
Նրանք հավերժ հոգս են։ Միապաղաղ ձանձրույթ։ Անդադրում աղմուկ, ժամանակ առ ժամանակ հերթական անհաջողությամբ ընդհատվող։ Օ՜հ, վատ տրամադրություն։ Իսկ երկուշաբթին միապաղաղ օրերի նախակերպարն է։ Այո, այդ ժամանակ գործերը վատ են այս կյանքում։ Բայց դրա պատճառով չի կարելի մեղքը բարդել «կյանքի» վրա։ Եթե չես տիրապետում ապրելու արվեստին, հիմարություն կլինի սպասել, որ կյանքը քեզ հանդիսավոր ընդունելություն կանի։ Այնպես որ, ինքդ ստեղծագործիր և վերափոխվիր, հակառակ դեպքում միապաղաղ օրերը կտիրեն քեզ։ Իսկ կյանքում չկա ավելի մեծ ամոթ, քան պարտություն կրելն է, այն էլ ոչ թե հսկայից, մեծազոր թշնամուց կամ հիվանդությունից, այլ գոյության գորշ առօրյայից։ Այսպիսով` ապրելու արվեստը։ Նախ և առաջ` հանգիստ և քաջաբար նայել թշնամու աչքերին։
Մենք երբեք չենք ազատվի առօրյայից։ Նա կլինի միշտ։ Դա մեր կյանքի մատերիան է։ Եվ եթե տոնը ծառայում է միայն այն բանին, որ կայծակի պես լուսավորի առօրյայի գորշությունը, ապա այն վնասակար է մեզ համար, ու մենք արժանի չենք նրան։ Միայն նա է արժանի դառնում տոնի, ով սիրել է սեփական առօրյան։ Ինչպե՞ս հասնել դրան։ Այն կարելի է ձեռք բերել սրբազան իմաստը գտնելով ամենօրյա աշխատանքի մեջ, խորասուզելով այն սրտի խորքը, լուսավորելով և բոցավառելով առօրյան այդ լույսի ճառագայթով։ Ի՞նչ ես դու Տիեզերքում։ Ինչպիսի՞ն են գո գործերը հայրենիքի առջև։ Ինչպիսի՞ն ես դու Աստծո առաջ քո ամենօրյա աշխատանքով։ Ի՞նչ ես մատուցում քո Տիրոջը։ Դու դեռ չե՞ս ճշտել։ Տակավին չգիտե՞ս այդ։ Իսկ ինչպե՞ս ես ապրում։ Անիմա՞ստ, կույրի պե՞ս, բթամտորեն ու անբան անասունի նմա՞ն։ Այդ դեպքում դժվար չէ հասկանալ քո առօրյայի և՛ ձանձրույթը, և՛ վատ տրամադրությունն ու բոլոր զուգընթաց հանգամանքները։ Չի կարելի կուրորեն ընկալել ամենօրյա գործողությունները, ինչպես իմաստից զուրկ, պարտադրված տաժանակիր մի աշխատանք, ինչպես տանջանք աշխատավարձից աշխատավարձ։ Անհրաժեշտ է խելքի գալ։ Հարկավոր է հասկանալ սեփական մասնագիտության լուրջ իմաստը և հոգ տանել նրա մասին հանուն իր բարձրագույն իմաստի։ Հարկավոր է լուրջ վերաբերվել ինքն իրեն, հետևաբար և՛ սեփական մասնագիտությանը, և՛ սեփական առօրյային։ Առօրյան մնում է, բայց այն անհրաժեշտ է ներսից վերափոխել։ Այդ միօրինակ օրերը պետք է լցվեն իմաստով, կենդանանան, դառնան բազմագույն: Անիմաստ նշանակում է անուրախ։ Մարդն այնպես է ստեղծված, որ չի կարող ապրել առանց խնդության։ ՈՒրախությունը պետք է աճի ամենօրյա գործունեությունից, այն իմաստով, որ, աշխատելով ավելի ու ավելի լավ, բարձրացնում ես սեփական աշխատանքիդ որակը, տեղափոխվելով դեպի վերև կատարելագործման աստիճաններով։ Իսկ եթե դու գտել ես քո աշխատանքի բարձրագույն իմաստը և ուրախություն բարձր որակի մեջ, կյանքը քեզ համար կդառնա այդ միջոցին լույս արձակող մարգարտաշար։ Եվ թռիչքը քո կյանքում ապահովված է։ Չէ՞ որ խնդությունն ազատագրում է ստեղծագործ ուժերը. ստեղծագործ ուժերը ստեղծում են որակ. իսկ աշխատանքի որակը առաջացնում է բերկրանք։ Նայի՛ր, թե ինչպես է քո առօրյան մտնում հոգևոր առողջության բարի շրջանակի մեջ։ Եվ հիմա քեզ համար էլ չկա միապաղաղ առօրյա, քանզի դու կանգնում ես Աստծո առաջ մաքրված և ապաքինված։
Տպագրության պատրաստեց
Պավել ԱՆԱՆՅԱՆԸ

Դիտվել է՝ 1956

Մեկնաբանություններ